BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գավաթն ուղևորվեց Սևիլիա

Գավաթն ուղևորվեց Սևիլիա
16.05.2014 | 11:58

Իհարկե, վիճակագրության մասին բազմաթիվ բնութագրականներ կան, այդ թվում` դասականը, սակայն եկեք թվարկումների հետևից առանձնապես չընկնենք, որովհետև մեր կայուն համոզմամբ` այն կա ու մնում է պարապ մարդու զբաղմունք: Բայց մյուս կողմից էլ առանց դրա էլ յոլա չես գնա: Նույնն է, թե խաշն ուտես առանց սխտորի կամ խորովածն անես առանց աղ ու բիբարի: Է, կլինի՞:

«ԱՂՆ ՈՒ ԲԻԲԱՐԸ»
Դե քանի որ բերանի համ ունեցող մարդու համար վերն ասածն առանց «առանց»-ների չի լինի, եկեք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Սևիլիա»-«Բենֆիկա» խաղի վերաբերմամբ էլ պահպանենք հավուր պատշաճը՝ խոսքին «աղ ու բիբար» խառնելով: Հարկավ չեք մոռացել, որ պորտուգալացիները եզրափակիչ ելան համարյա հարսանեկան գեներալի պես՝ ութ խաղից շահեցին վեցում, երկուսում բավարարվեցին ոչ-ոքիով: Սրա փոխարեն «Սևիլիան» բառիս բուն իմաստով այդ ուղին անցավ ճռռալով՝ չորս հաղթանակ, երեք պարտություն, մեկ ոչ-ոքի: Ընդ որում՝ առանձին փուլերում վիճակն այնպիսին էր, որ մարդու հավատն էլ չէր գալիս, թե եղածի տակից թիմը կարող է դուրս գալ: Սա՝ ինչ վերաբերում է կողմերի անցած ուղուն: Բնականաբար՝ Լիգայի այս խաղարկության շրջանակներում: Ինչ վերաբերում է ընդհանրապեսին, այստեղ վիճակը միանգամայն այլ է, և այդ այլության մեջ շատ ավելի շահեկան է ներկայանում իսպանական ակումբը: Համենայն դեպս Եվրոպայի լիգայի խաղարկություններում նրա վերջին երկու հաջողությունները տասը տարուց էլ պակաս կենսագրություն ունեն, մինչդեռ «Բենֆիկայինը» հաշվվում է մի քանի տասնյակ տարի: Իսկ եթե ավելի կոնկրետ եք ուզում, պորտուգալացիները վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը (այն ժամանակ դեռ չկար ՈՒԵՖԱ-ի գավաթից Եվրոպայի լիգայի գավաթի վերափոխված խաղարկությունը) շահել են ուղիղ հիսուներկու տարի առաջ:

ԱՆԵԾՔԸ
Երկու տարի անընդմեջ հաղթելով հեղինակավոր այդ խաղարկությունում` «Բենֆիկայի» այն ժամանակվա մարզիչ Բելա Գուդմանը դիմում է ակումբի տերերին՝ իր վարձավճարն ավելացնելու խնդրանքով: Ստանալով մերժում՝ հրաժեշտից առաջ դառնացած մարզիչը մարգարեանում է. «Հարյուր տարի էլ անցնի, դուք չեք տեսնի այդ գավաթը»:
Այստեղ թույլ տվեք խոհեմաբար շրջանցել ժլատության թեման, սակայն մեկ նկատառում բոլոր դեպքերում ասելու նախապայմանով: Ինչ խոսք` Բելա Գուդմանի կանխատեսում-անեծքից հարյուր տարի չի անցել, բայց կես դարն էլ փոքր ժամանակահատված չէ: Այդ ընթացքում «Բենֆիկան» յոթ անգամ դուրս է եկել եվրոպական գավաթի խաղարկության եզրափակիչ (չհաշված այս վերջինը) ու յոթ անգամ էլ պարտվել է. հինգը` Չեմպիոնների լիգայի, երկուսը՝ Եվրոպայի լիգայի խաղարկություններում:
Հետաքրքրական մի փաստ էլ վկայակոչենք:
1990 թվականին «Միլանի» հետ եզրափակիչ խաղից առաջ հանրահայտ Էյսեբիոն, ով վերջերս է կնքել մահկանացուն, այցի է գնացել Գուդմանի գերեզմանին ու թողություն խնդրել: Ինչպես հասկանում եք, մարզիչը «չի լսել» անգամ իր երբեմնի հարձակվողի խնդրանքը, ում խփած գոլն այն ժամանակ հաղթանակ է բերել «Բենֆիկային»: Հիմա վերը բերած պատմության մեջ սնոտիապաշտության տարրեր կտեսնեք, թե օրինաչափություն, ճիշտն ասած, ձեր իմանալիքն է. մերը եղածը ձեզ հասցնելն էր, իսկ եզրակացությունների մեջ, բնականաբար, միանգամայն ազատ եք ինչպես ազատ ճախրող յուրաքանչյուր թռչուն, որին թվում է, թե ինքն է իր ճակատագրի տերն ու տիրակալը:
Կարծում եմ՝ չեք կասկածում, որ ատամիս տակ ուրիշ բաներ էլ ունեմ պահած, սակայն շատ չշեղվենք խաղից: Միայն ավելացնեմ, որ «Բենֆիկայի» ներկայիս մարզիչ Ժոզե Ժեզուշը Բելա Գուդմանից հետո երկրորդ մարդն էր, որ թիմը երկու անգամ անընդմեջ հանեց եվրոպական հեղինակավոր խաղարկության եզրափակիչ: Առաջինը, գիտեք, «Չելսիի» հետ էր՝ դրամատիկ ելքով:

ԽԱՂԸ
Ժեզուշի այս երկրորդ փորձն էլ ձախողվեց: Լինելով հանդիպման ընդգծված ֆավորիտ` «Բենֆիկան» չկարողացավ մրցակցի դարպասը գրավել ոչ իննսուն րոպեում, ոչ էլ ավելացված երեսունում: Իսկ հետխաղյա տասնմեկմետրանոցներից դարպասի երկու գրավումը ոչինչ չասող բան էր, որովհետև «Սևիլիան» անվրեպ իրացված չորս գոլից հետո իմաստազուրկ դարձրեց հինգերորդ հնարավոր իրացումը:
Հարց կարող է առաջանալ՝ իսկ խաղի ընթացքում պորտուգալացիները գոնե մո՞տ էին հաջողությանը:
Մոտ էին ու այն էլ մի քանի անգամ: Սակայն որքան էլ զարմանալի կարող է թվալ, այս «Բենֆիկան» արմատապես տարբեր էր եզրափակիչ բերող ճանապարհին եղած «Բենֆիկայից»: Բոլոր պարամետրերով: ՈՒ դրա համար փորձել հետին թվով գտնել բացատրություն նույնքան անպտուղ զբաղմունք է, որքան… Թույլ տվեք համեմատությունների հետևից չընկնել, սակայն մի բանի մասին էլ չեմ կարող չխոսել, որքան էլ այն սնոտիապաշտական հնչերանգներ կարող է ունենալ:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ»
Միանգամից ասեմ, որ խոսքը «Յուվենտուս» ակումբի մասին չէ, այլ «Յուվենտուս» մարզադաշտի, որտեղ էլ կայացավ եզրափակիչ հանդիպումը:
Գաղտնիք չէ, որ ողջ խաղարկության ընթացքում ֆավորիտ էին համարվում երկու թիմ՝ «Յուվենտուսն» ու «Բենֆիկան»: Սակայն իրողություններն այնպես դասավորվեցին, որ նրանք իրար հանդիպեցին կիսաեզրափակչում: Պորտուգալացիները, շնորհիվ սեփական հարկի տակ տարած հաղթանակի ու մրցակցի խաղադաշտում ունեցած ոչ-ոքիի, անցան եզրափակիչ: Ինչպես ակումբը, այնպես էլ մարզադաշտը առավելագույնը, որ կարողացան հանդուրժել, պորտուգալացիներին իրենց դարպասում, դաշտում գոլ չխփելով տեսնելն էր: Երկուսն էլ, ինչպես տեսնում եք, հաջողեցին:

ՀԱՂԹՈՂԸ
Հաղթողը ՈՒնաի Էմերիի թիմն էր, որը, հակառակ մեր կողմից վերը փնոված վիճակագրությանը, հավատարիմ մնաց նրան ու վերջին ոչ լրիվ տասը տարում երրորդ անգամ շահեց Եվրոպայի լիգայի գավաթը: ՈՒմ համար՝ անսպասելի, ում համար էլ՝ ոչ: Համենայն դեպս իսպանացի մարզիչը ցույց տվեց, որ ինքը հաղթող մարզիչ է: Իսկ թե Ռուսաստանում ու մասնավորապես Մոսկվայի «Սպարտակում» ինչպես կընդունեն այս լուրը, մեր նյութի շրջանակներից դուրս է հարցի քննարկումը: Համ էլ մեր ինչ գործն է, որ, չսպասելով հարսի ծննդաբերելուն, հարևանները հարսին հորանց տուն են ուղարկում:
Ինչ վերաբերում է կացնի առաջ անտառի խեղճանալուն, ի՞նչ էիք կամենում՝ Բենտուն հետխաղյա տասնմեկմետրանոցները բաց թողներ, ինչ է թե, պորտուգալացի է ու սեփական երկիրը ներկայացնող թիմի դե՞մ էր խաղում: Բա ո՞ւր մնաց պրոֆեսիոնալիզմը: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ինչ լավ է, որ Բենտուն հայ չէ. թե չէ մինչև մահ-գերեզման քրքրելու էինք ազգային դավաճանության հոդվածով: Ինչպես տեսնում ենք` չկա չարիք առանց բարիքի: Բայց թե սա, հասկանալի է, ոչ թե իսպանացիների դարպասն անառիկ պահած պորտուգալացի Բենտուի, այլ` մեր կտրվածքով, թեպետ եվրոպական ֆուտբոլի եզրափակիչ դուրս գալու վտանգը մեզ առնվազն հարյուր տարի չի սպառնում: Թիմային մակարդակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ